Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել էր, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում՝ 2015թ. մայիսի 8-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ:
2015թ. մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Հետագայում հաղորդում տարածեց այն մասին, որ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգզենիթահար, շարքային Դ.Հարությունյանին։

Ըստ հաղորդագրության՝ նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործո-ղությունների արդյունքում պարզվել է, որ Դ.Հարությունյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, իր թվացյալ գերակայությունն ընդգծելու շարժառիթներով, վիրավորել և բռնություն է գործադրել զինծառայող Հ.Համբարյանի նկատմամբ։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։ 

Yerevannesw.am-ը կապ հաստատեց Դ. Հարությունյանի պաշտպան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին ՀԿԳ քննիչ, այժմ փաստաբանների պալատի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի հետ, ով հայտնեց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Դ.Հարությունյանը և Հ.Համբարյանը Լոռու մարզի հարևան գյուղերի բնակիչներ են, իրար հետ գտնվել են լավ հարաբերությունների մեջ, սակայն նախաքննական մարմինը ինչ-ինչ դրդապատճառներով մեղադրանք է առաջադրել Դ.Հարությունյանին:

Ռաֆայել Ամիրխանյանի հետ ունեցած հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Դ.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Դատաքննության ընթացքում ինքն առարկել է միջնորդության դեմ՝ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի և դրանց հիմնավորումների բացակայության, ինչպես նաև այլ դատավարական խախտումների վկայակոչմամբ, իսկ դատարանը օբյեկտիվ գնահատական տալով քննիչի ներկայացրած նյութերին և դրանց հիմնավորումներին գտնել է, որ քննիչի հետևությունները հիմնված չեն ողջամիտ ենթադրությունների վրա, Դ.Հարությունյանին ազատությունից զրկելը հիմնավորված չէ, կդիտվի որպես կամայականություն և մերժել է Դ. Հարությունյանի դեմ ներկայացված միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Այնուհետև քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, դռնփակ դատական նիստում քննության առնելով վերաքննիչ բողոքը՝ մերժել է այն և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ: