Մարդ էլ ամուսնանա, հետո կնոջ հղիանալու ու հղիությունը պահպանելու համար նրան ծեծի ու նույնիսկ խոշտանգի՞…

Տուժող Նունե Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն` ամուսինը` Ավետիս Ավետիսյանը, տեղյակ լինելով, որ ինքը հղի է, իրեն ծեծելիս հարվածները միտումնավոր ուղղել է հատկապես իր որովայնի շրջանին…

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Գաբրիելյան) 2012թ. դեկտեմբերի 20-ի դատավճռից տեղեկանում ենք, թե նորահարսը` Երևանի բնակչուհի Նունե Ալեքսանյանը, ընտանեկան դժոխքի ինչ պարունակների միջով է անցել: Դատավճիռը նաև հասկանալի դարձնում, որ այդ ամենի և ընտանիքի քայքայման պատճառը շատերի տունը քանդած ալկոհոլի չարաշահումն է եղել: Առնվազն` մեծապես նպաստել է Ն. Ալեքսանյանի նկատմամբ շարունակական բռնությանը:

Վերջինիս ցուցմունքի համաձայն` 2008թ. օգոստոսի 13-ին կայացած իրենց ամուսնությունից մոտ 3 ամիս անց ամուսինը սկսել է հաճախակի օգտագործել ոգելից խմիչք, և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն պարբերաբար ծեծել է։ Իր ցանկացած ասածը և գործողություններն ամուսինը անհիմն քննադատել ու սխալ է համարել, յուրաքանչյուր չնչին առիթ օգտագործել է իրեն դաժանաբար ծեծելու համար։ Իրենց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նման դեպքեր շատ են եղել, և յուրաքանչյուր դեպք կրել է իրեն նվաստացնելու և իր մարդկային արժանապատվությունը ստորացնելու բնույթ։ Ամուսինն իր հետ վարվել է ոչ մարդկային ձևով, ամեն անգամ ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև ձեռքի տակ ընկած կենցաղային տարբեր առարկաներով հարվածել է իրեն, որի ընթացքում հաճախակի ստացել է մարմնական վնասվածքներ։

Խոշտանգված կինը պատմել է, որ ամուսնու բոլոր դաժանությունները ստիպված կուլ է տվել, մտածելով, որ ամուսնացել են, մի օր կուղղվի։ Ավետիսը օգտագործել է այն փաստը, որ ինքն ավանդապաշտ ընտանիքից է, ուստի մայրն իրեն հետ չի ընդունի տուն, հետևաբար իր նկատմամբ ինչպես էլ վարվի, ինքը չի հեռանա տանից։ Երբ ինքը գտնվել է հղի վիճակում, 2008թ. դեկտեմբերին ամուսինը ծանր մուրճի բռնակով և տարբեր այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր գլխին ու մեջքին` նպատակ ունենալով ընդհատել հղիությունը, ինչի հետևանքով 2008թ. դեկտեմբերին իր մոտ տեղի է ունեցել հղիության ընդհատում։ Նույնը կրկնվել է 2010թ., երբ ինքը կրկին Ավետիսից հղիացել է: Վերջինս ալկոհոլի ազդեցության տակ կրկին ծեծել է իրեն` հարվածելով իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը փախել է Ավետիսի տնից, գնացել է նույն բակում գտնվող վերջինիս որդի Արթուրի տուն և նրանից օգնություն խնդրել։ Արթուրն անմիջապես եկել է հոր տուն ու նախատել նրան խմելու համար։ Երբ Արթուրի օգնությամբ փորձել է տաքսով հեռանալ տանից, Ավետիսը որդու ներկայությամբ բռունցքով հարվածել է իր դեմքին, որից ինքը վնասվածքներ է ստացել և հեռացել ամուսնու տանից։

Դատաքննությամբ ու գործի տվյալներով դատարանը պարզել է, որ 1958թ. ծնված Ա.Ավետիսյանը համատեղ ամուսնության ընթացքում չարաշահել է ալկոհոլը, հաճախակի հարբել ու կնոջ կողմից հղիությունն իր ցանկությանը հակառակ պահպանելու համար, ինչպես նաև կենցաղային հարցերի շուրջ 2008թ. հոկտեմբերից մինչև 2011թ. մայիսի կեսերը բազմիցս ծեծելու և բռնի գործողություններ կատարելու միջոցով խոշտանգել է իրենից ամուսնական կախվածության մեջ գտնվող Նունե Ալեքսանյանին: Մասնավորապես` ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև տարբեր կենցաղային առարկաներով պարբերաբար ծեծել է ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջը` նրան բազմիցս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ։

2008թ. կնոջ նկատմամբ գործադրած ու վերը ներկայացված բռնությունից բացի, Ա. Ավետիսյանը 2011թ. ապրիլյան մի օր գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հատակը մաքրելու համար նախատեսված փայտով և այլ առարկաներով հարվածել է շուրջ 25 շաբաթական ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջ որովայնին: Բացի այդ, Ավետիս Ավետիսյանը Նունե Ալեքսանյանին դեմքի շրջանում պատճառել է մարմնական վնասվածքներ, և «երեխադ չի ծնվելու», «փայտը մտցնելու եմ որովայնիդ մեջ, երեխայիդ հանեմ» և նման արտահայտություններով սպառնացել է ընդհատել կնոջ հղիությունը: Ծեծի ընթացքում Ն.Ալեքսանյանը փախել է տնից, գնացել ամուսնու ազգական Լուսինե Սերոբյանի տուն, գիշերել այնտեղ, սակայն ամուսնու խնդրանքով հաջորդ օրը վերադարձել նրա տուն:

Դրանից շուրջ երկու օր անց` 2011թ. ապրիլի կեսերին, դարձյալ գտնվելով հարբած վիճակում, Ա.Ավետիսյանը ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել է հղի վիճակում գտնվող Ն.Ալեքսանյանին, դեմքի շրջանում պատճառել մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Ն.Ալեքսանյանը փախել է տնից, գնացել մոր ընկերուհու` Մարիամ Կեխեյանի տուն, գիշերել այնտեղ, իսկ հաջորդ օրը գնացել է իր կնքամոր` Սուսաննա Ջիլավյանի տուն, շուրջ մեկ շաբաթ բնակվել է այնտեղ, որից հետո դարձյալ ամուսնու պահանջով ու խնդրանքով վերադարձել է ամուսնու տուն։

2011թ. ապրիլի 23-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Ավետիսյանը տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել շուրջ 35 շաբաթական հղիություն ունեցող կնոջ որովայնին և մարմնի տարբեր մասերին, որովայնի շրջանում պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո վերջինիս մոտ սկսվել են նախածննդաբերական ցավեր, իսկ երկու օր անց «Էրեբունի›› ԲԿ-ում վաղաժամ ծննդաբերել է:

Ծննդաբերությունից հետո Ն.Ալեքսանյանը շարունակել է բնակվել ամուսնու հետ, նրա տանը։ 2011թ. մայիսի կեսերին Ա.Ավետիսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջից պահանջել է իր օգտագործման համար օղի լցնել, Ն.Ալեքսանյանը հրաժարվել է` պատճառաբանելով, որ երեխան լացում է։ Այդ կապակցությամբ Ա.Ավետիսյանը բռունցքով երկու անգամ հարվածել է Ն.Ալեքսանյանի գլխին` պատճառելով ուժեղ ցավ, ծխախոտի տուփը նետել է նորածնի ուղղությամբ, որից հետո Ն.Ալեքսանյանը վերջնականապես հեռացել է ամուսնուց և տեղափոխվել հայրական տուն։

Դատավճռի համաձայն` Ա.Ավետիսյանը բռնություններ է կիրառել նաև իր ազգականների նկատմամբ: Մասնավորապես, 2011թ. օգոստոսի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, խմած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր իսկ հորաքրոջ` Ազնիվ Սերոբյանի և նրա ամուսին Վահան Չախալովի հետ: Այդ ընթացքում դիտավորությամբ ձեռքերվ հարվածներ է հասցրել Ա. Սերոբյանի գլխին, ճանկռել այտը, այնուհետև ձեռքերով հարվածներ է հասցրել Վ. Չախալովի գլխին և մեջքին, ինչի հետևանքով Ա. Սերոբյանին դեմքի շրջանի քերծվածքների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, իսկ Վահան Չախալովին` ձախ թիակային շրջանի քերծվածքի, արյունազեղման ձևով պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։

Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի («Խոշտանգումը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 118-րդ հոդվածով («Ծեծը») առաջադրված մեղադրանքում, և կնոջ հայտնածները հերքող այլաբովանդակ ցուցմունք է տվել: Սակայն դատարանն ամբաստանյալի պատճառաբանությունները որակելով անհիմն և մտածացին, համարել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները ևս հաստատվել են կնոջ նկատմամբ իրականացված խոշտանգումները: Դատարանն ապացուցված համարելով Ավետիս Ավետիսյանի կատարած արարքները, մեղքը, նրան դատապարտել է ազատազրկման 3 տարի ժամկետով և տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի` 50 000 դրամի չափով։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ս. Համբարձումյան, Մ. Պետրոսյան) 2013թ. փետրվարի 23-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալի վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

pastinfo.am