Ադրբեջանի ԳԱԱ ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաշխատող, փիլիսոփայության դոկտոր Աքրամ Հասանովը բացահայտել է երկրաշարժների առաջացման պատճառը: Մասնավորապես, ըստ Հասանովի, գրանցվող տեկտոնական շարժումները, ստորգետնյա ցնցումները և նմանատիպ այլ երևույթները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում կանայք շատ ավելի հաճախ են հագնում ջինսեր, ավելի բաց հագուստ, առավել լայն տարածում են ստացել անբարոյականությունն ու մարմնավաճառությունը, ինչն էլ նպաստում է ամբողջ աշխարհում բնական աղետների թվի աճին:
Հիրավի, ադրբեջանցի գիտնականի «աշխարհացունց» բացահայտումն, անշուշտ, պետք է արժանանա հարևան երկրի բարձրագույն իշխանությունների ամենաբարձր գնահատականին. տեսնես՝ ե՞րբ Ի.Ալիևը երախտիքի շքանաշանով կպարգևատրի վաստակաշատ Հասանովին, ով նախկինում նաև հերքել էր Երկիր մոլորակի պտտվելու իրողությունը:
Հ.Գ. Ի դեպ,ադրբեջանցի գիտնականի տեսակետը ներկայացվող խնդրի վերաբերյալ եզակի չէ: Ավելի վաղ,նման «հեղափոխական» գիտական բացահայտման մասին արտահայտվել էր «Տալիբան» շարժման գաղափարախոսներից Ֆազլուր Ռահմանը:
Արմեն Պետրոսյան-Facebook