Սերբիայում ավարտվել է «Ոսկե ձեռնոց» միջազգային հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում էին 29 երկրի 236 բռնցքամարտիկներ:
Մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցեցին նաև բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 6 անդամներ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մեր մարզիկներից 3-ը հայրենիք վերադարձան մեդալներով, ընդ որում՝ այդ մեդալներից 2-ը ոսկե են։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին և պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 51 կգ քաշային աշխարհի չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Անուշը եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Մերույերթ Կոնիսաբայի նկատմամբ, իսկ Անին՝ ոսկե մեդալի համար մենամարտում նույն հաշվով համոզիչ առավելությամբ պարտության մատնեց լեհուհի Ադրիանա Ժեդրեյչիկին:
Սերբիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև մեկ բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը, ով կիսաեզրափակչում զիջել էր Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Միքայելյանին: