Հուլիսի 14-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս "Զինվորական կոլեկտիվը` որպես կարգապահության ամրապնդման դարբնոց" թեմայով, որին մասնակցում էին բանակի համապատասխան բաժինների սպայակազմը, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի պաշտոնատար անձինք, սերժանտական խորհուրդների նախագահներ, հոգևոր սպասավորներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կոնֆերանսի աշխատանքների մեկնարկին քննարկվող թեմայի շուրջ իր մոտեցումներն ու նկատառումներն է ներկայացրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` կարևորելով կոլեկտիվների դերը զինվորական կենսագործունեության բոլոր ուղղություններում: Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես այնպիսի հանգամանքների վրա, ինչպիսիք են ստորաբաժանումների և անհատական պատրաստությունը, գիտելիքների ձեռքբերումն ու մասնագիտական վարպետության կատարելագործումը, հասարակական ակտիվների գործունեությունը:

Պաշտպանության նախարարի խոսքին հաջորդել են բանակի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալի, զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների ելույթները:
Ելույթները ընդմիջվել են ակտիվ քննարկումներով, հնչել են առաջարկություններ, ներկաներն էլ կիսվել են իրենց փորձով: