Մեզանում տիրապետող տեսակետ է, թե Արցախի ներկայիս տարածքը որպես մեկ ամբողջություն արցախահայության անվտանգության երաշխիքն է: Այո՛ իսկապես այդպես է: Հատկանշական է սակայն այն, որ այս աներկբա ճշմարտությունը վերաբերում է ոչ միայն Արցախին, այլև Հայաստանի Հանրապետությանը, համայն Հայաստանին: Այսինքն՝ Արցախի ներկայիս 11432,66 քառ. կմ տարածքը թե՛ բուն Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնական, ժամանակի մեջ կայուն երաշխիքն է:

Հարկավոր է հստակ ընդգծել. ՀՀ տարածքի, մասնավորապես Սյունիքի մարզի հանդեպ Ադրբեջանի նախագահի մակարդակով հնչեցվող հավակնությունները, զուգահեռաբար՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ռազմական ներուժն ավելացնելուն ուղղված հետևողական ջանքերն, ու սպառազինությունների կուտակման հարաճուն տեմպերը լրջագույնս վտանգում են ՀՀ ռազմական անվտանգությունն, ու հետևաբար՝ անհնարին ու անթույլատրելի դարրձնում որևէ տարածքային զիջում:
Ահա այս ճշմարտությունը գիտակցելով 2014-ի մայիսի 9–ին Հաղթանակի զբոսայգում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց այն մասին, որ մեր ծրագրերում տարածքներ զիջել չկա:

Այո՛, Արցախը ներկայացելու, պատասխանատու որոշումներ կայացնելու իրավունքը պատկանում է արցախահայության վստահության քվեն ստացած հայոց երկրորդ պետության լեգիտիմ իշխանությանը: Ավելին՝ Արցախի իշխանությունը արտահայտելով արցախահայության հավաքական կամքը սկզբունքորեն ժխտում է տարածքներ զիջելու գաղափարը:

Սակայն ակնհայտ է, որ Արցախի տարածքների զիջումը վտանգում է ոչ միայն Արցախին, այլև Հայաստանի Հանրապետությանը, սպառնում հայոց երկու պետությունների խաղաղ հեռանկարին, գոյությանն առհասարակ: Եվ ահա այդ էկզիստենցյալ վտանգի հեռանկարն է, որ ստիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին դեմ արտահայտվել տարածքային զիջումների գաղափարին:

Եվս մեկ անգամ հատկապես ընդգծենք. Ադրբեջանը բացահայտորեն հավակնում է Հայաստանի Հանրապետության տարածքին, հետևաբար Արցախի ներկայիս տարածքը ո՛չ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության առաջնային երաշխիքն է: Այս համատեքստում տեղին է անդրադառնալ նաև հետևյալ հանգամանքին:

Ի±նչ է լինելու Ադրբեջանի կուտակած ահռելի սպառազինության հետ: Չ±է որ չկա ոչ մի հնարավոր փաստարկ առ այն, որ Ադրբեջանը Արցախի մի մասը ետ ստանալուց, ըստ այդմ՝ հայկական կողմի հանդեպ ռազմական գերազանցություն ձեռք բերելուց հետո, մի ինչ-որ պատրվակով չի բեկանի բանակցային գործընթացն ու մեզ համար ծայրահեղ անցանկալի պայմաններում չի ծավալի ռազմական գործողություներ՝ ԼՂԻՄ-ի սահմաններում հայտնված Արցախը նվաճելու, և ՀՀ հարավային մարզերը զավթելով Նախիջևանի հետ կապ հասատելու համար:

Արցախի տարածքը, նրա այսօրվա սահմանների կոնֆիգուրացիան պատերազմը զսպող առաջնային գործոնն է: Վերջինս Ադրբեջանի կուտակած սպառազինությունների գործոնի հիմնական հակակշիռն է, որով պահպանվում է ուժերի հավասարակշռությունը:

Այսպիսով հետևությունը մեկն է՝ հարափոփոխ աշխարհում հայկական երկու պեականությունների, լայն առումով հայապատկան Հայաստանի անվտանգության կայուն երաշխիքներից հիմնականը տարածքն է՝ ռազմավարական առավելություն տվող տարածքը: Առավել քան ակնհայտ է, որ մենք ստիպված ենք զարգանալ մշտական արտաքին վտանքի պայմաններում, և այդ պարագայում Ադրբեջանի հետ Արցախի պետական սահմանի ներկայիս կոնֆիգուրացիան, Արցախի 11432.66 քառ. կմ. սահմանադրորեն ամրագրված տարածքը հայկական երկու պետությունների կենսունակությունն ապահովող հիմնական գրավականն է: Արցախն իբրև պետություն իր նախկին ԼՂԻՄ-ի տարածքով, իր կիսաանկլավային վիճակով կենսունակ լինել չի կարող: Առանց Արցախի ներկայիս՝ նրա սահմանադրությամբ ամրագրված 11432.66 քառ. կմ. տարածքի կենսունակ լինել չի կարող նաև Հայաստանի Հանրապետությունը՝ Նախիջևանի գործոնի պատճառով:

Այսպիսով՝ հակամարտության կարգավորման ցանկացած սցենար, որը կենթադրի տարածքային զիջումներ Արցախի կողմից՝ իրավամբ կարելի է որակել որպես կոնֆլիկտոգեն, հետևաբար՝ սկզբունքորեն անընդունելի, քանզի նման սցենարի կենսագործման դեպքում հակամարտությունը ո՛չ թե կկարգավորվի, այլ կթևակոխի նոր՝ հայկական կողմի համար վտանգավոր փուլ: Հարկ է հստակ գիտակցել. առանց Արցախի ներկա տարածքի չկա՛ հայկական ռամաքաղաքական տարածք, չկա՛ հայոց պետականություն իբրև աշարհաքաղաքական իրողություն, չկա՛ կենսունակ պետություն կերտելու հեռանկար:

Օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնաց հրետակոծել հայերով բնակեցված բնակավայրերը խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այս անթաքույց սպառնալիքը մտորելու տեղիք է տալիս. արդյո՞ք առկա սահմաններում հնարավոր է լիարժեքորեն ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգությունը…

 


Դավիթ Ջամալյան

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական