Անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի. տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ամիսներ շարունակ կատարվել նախաքննություն:
Նախաքննության ընթացքում օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս նախաքննական մարմնին հայտնել է, որ դեպքի օրը` նույն ժամանակահատվածում, ինքը գտնվել է ընկերոջ տարեդարձին և կատարված հանցագործության դեպքի հետ որևէ առնչություն չունի:
Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: