Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀՀ ԱԺ հատուկ նիստը, որտեղ էլ րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային անվտանգության խորհրդի անդամներ: Արաողությանը ներկա էին մոտ 60 միջազգային պատվիրակություններ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես գալով բացման խոսքով հայտարարեց, որ ԱԺ հատուկ նիստին մասնակցում են 92 պատգամավոր և քվորում կա: Հովիկ Աբրահամյանը խնդրեց, որ դահլիճ բերեն ՀՀ դրոշը, Սահմանադրությունը, նախագահական իշխանության խորհրդանիշը, Վեհամոր Ավետարանը:

Սերժ Սարգսյանը աջը դրած Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա երդվեց.
«Ստանձնելով Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնը երդվում եմ. Անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները , ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ի փառս ՀՀ-ի և ի բարորություն ՀՀ ժողովրդին»:

Ավարտվեց Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը և նախագահը պատրաստվում է գնալ «Եռաբլուր»` զոհված ազատամարտիկների հիշատակը հարգելու համար: