Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ, ագրոարդյունաբերական և արդյունաբերական հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Սերգեյ Սիդորսկիին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակից և կարևորել արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն և այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը և ընդլայնումը:

Իր հերթին, Սերգեյ Սիդորսկին անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: ԵԱՏՄ խորհրդի անդամը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ-երկրների միջև կապերի սերտացմանն ու ընդլայնմանը:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման նպատակով սահմանափակումների վերացումը, ինչը նոր թափ կհաղորդի միասնական շուկայում մրցակցության աճին: