Շաքե Ղազարյան՝ «Արմենիա» հեռուստաընկերություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ Հայաստանը տարիներ շարունակ կողմնակից է եղել տարբերակված մոտեցմամբ` բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացի հիման վրա ԵՄ հետ հարաբերություններին: Եվ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում, կարծեք, երկուստեք ամրագրվեց նման հանձնառություն: Հարցս հետևյալն է` արդյո՞ք Ռիգայի գագաթնաժողովում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն իրավական նոր փաստաթղթի կնքմանը և ինչպիսի՞ն են այդ պայմանագրի հեռանկարները:
Սերժ Սարգսյան – Նախ դուք բոլորդ վկաներն եք և կարող եք հանգիստ հաստատել, որ Արևելյան գործընկերության հենց սկզբից մենք խոսում էինք տարբերակված մոտեցման մասին: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող են Արևելյան գործընկերության ընկերները՝ այդքան տարբեր իրենք բնույթով, իրենց նպատակներով, իրենց ակնկալիքներով, գործել, բանակցել մի ընդհանրական փաթեթի շրջանակներում: Այսօր, երբ խոսում էինք պարոն Տուսկի հետ, ես ասացի՝ տարիներ առաջ էլ եմ իրեն ասել, այսօր էլ, որ մի ընդհանրություն կա: Եկեք այդ ընդհանրության մասին մոռանանք, որովհետև այդ ընդհանրությունը հատկանշական չէ: Ես այն ժամանակ էլ համոզված էի, հիմա էլ համոզված եմ` եթե Ադրբեջանը նավթ ու գազ ունի, խնդրեմ՝ թող Եվրամիությունը համագործակցի Ադրբեջանի հետ այդ ոլորտում: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումներ լինեն, մենք ցանկանում ենք, որպեսզի ամրապնդվեն ժողովրդավարական հաստատությունները, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Եկեք ա՛յս ոլորտում մենք համագործակցենք: Ես չեմ պատկերացնում Հայաստանի զարգացումն առանց բարեփոխումների, ես չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ առանց եվրոպական փորձի և օժանդակության: Ուստի, մենք, անդամակցելով ԵԱՏՄ-ին, շարունակելու ենք սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: Այո՛, կարծում եմ, և պարոն Տուսկն իր ներածական խոսքում ասաց ու մեր հանդիպման ժամանակ էլ ասաց, թե եկել է հաստատելու, որ՝ այո՛, մենք սկսելու ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Բայց, կարծում եմ, իր տեղեկատվությունը ավելի հավաստի կլինի, ուստի, այս երկրորդ ենթահարցի վրա ես շատ ժամանակ չծախսեմ, խոսքը փոխանցեմ պարոն Տուսկին: Նա այս մասով, թերևս, ավելի հանգամանորեն կասի:
Հովհաննես Քոսյան՝ «Ինտերֆաքս» գործակալություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ փաստ է, որ Ադրբեջանում անցկացված եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում և հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Սակայն, խաղերից անմիջապես հետո, ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսման: Ավելին, խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները` մեղադրելով, թե Եվրոպական կառույցներին և թե առանձին երկրների` օրինակ Գերմանիային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի և նմանատիպ այլ բաներում: Կխնդրեի Ձեր մեկնաբանություններն այս առնչությամբ:
Սերժ Սարգսյան – Ձեր հարցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասի վերաբերյալ՝ ես անկեղծորեն եմ ասում՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության և կայունության խաբկանք: Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետև սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, և ու՞մ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը: Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից: Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն` ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում, և ո՞վ է պաշտպանում: Երբ այդ հավասարության նշանը կա, և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են: Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ Ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի Նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման:
Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով Նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ Նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային և Հայաստանի մեղադրում է իսալամաֆոբության մեջ:
Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, և ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում ՝ եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին և ասենք՝ ժողովուրդ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:
Շնորհակալ եմ: