Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը, նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել:
ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում: Անդրադառնալով Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը:
Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման և պատշաճ անցկացման համար: ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաև Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնավարման ընթացքում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին և հետագա համագործակցությանը: