«Արմավիա»-ի սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովի հարցազրույցն eMedia.am-ին:
-Պարոն Բաղդասարով, սկսե՞լ եք արդեն «Արմավիա»-ի սնանկացման գործընթացը: Դատարան դիմե՞լ եք:
-Դեռ ոչ, կդիմենք երբ իրավաբանները պատրաստեն բոլոր փաստաթղթերը:
-Իսկ դուք կշարունակե՞ք գործունեությունն ավիացիոն շուկայում: Հնարավո՞ր է նոր առաջարկներով հանդես գաք:
-Գիտեք, ես հոգնել եմ այս աշխատանքից ու եթե կա ինչ-որ նոր բան, թող առանց ինձ լինի: Ես իմ բիզնեսից ողջ գումարն ուղղում է «Արմավիա»-ին, իսկ այդ ամենը ցավալի ավարտվեց: Պետք է ավիացիայի նորմալ կանոններ գործեն, որ ամեն ինչ լավ լինի:
-Այսինքն, ըստ Ձեզ, Հայաստանում օրենսդրական դաշտը բարենպաստ չէ՞:
-Դե պետք է նորմալ պայմաններ լինեն, ամեն տարածաշրջան պետք է ելնի իր առանձնահատկություններից: Պետք է աջակցել ավիացիային: Կարծում եմ նոր ավիաընկերություն եթե գա, ապա նա հավանաբար այլ պայմաններ է դնելու:
-Իսկ ըստ ձեզ, նոր ավիափոխադրող կլինի՞ Հայաստանում, որքան տեղյակ եմ, «Արմավիա»-ին փոխարինող ավիաընկերություն չկա:
-Չգիտեմ, ես ոչինչ չեմ կարող ասել: Համենայնդեպս, ես միանշանակ չէի ցանկանա զբաղվել ավիացիայով: Բոլորին թվում է, թե ավիացիան շահութաբեր է, իրականում դա վնասաբեր է, դրա համար էլ այսօր տոմսերի գները բարձրացել են: Այն պատճառով չեն բարձրացել, որ ինչ-որ մեկը ցանկացել է գները բարձրացնել, ուղղակի «Արմավիա»-ն զսպում էր դրանք:
-Դուք նշում եք, որ պայմանները բարենպաստ չեն: Կարծում եք պետությունը կարո՞ղ էր միջամտել ու «օգնել», որ «Արմավիա»-ն այսօր այս վիճակում չլիներ:
-Կառավարությանը հարցրեք, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը միշտ կարող է օգնել, դա արվել է բոլոր երկրներում, որտեղ ավիացիան խնդիրներ է ունեցել, բայց որքանով այսօր կառավարությունը կարող է օգնել, դա կառավարության որոշելիք հարցն է:
-Իսկ պարտքերը մարո՞ւմ եք:
-Այո, մարում ենք: Չկա ավիաընկերություն, որ պարտք չունենա:
-Ինքնաթիռները ձե՞րն էին, վաճառելու եք, որ պարտքերը փակե՞ք:
-Այո, վաճառում ենք: Պարտքերը կային, որովհետև ինքնաթիռներ գնեցինք, վարկ վերցրեցինք ու գնեցինք:
-Բավական երկար ժամանակ լինելով ավիացիոն շուկայում, ի՞նչ եք կարծում, շուկայի ազատականացումը կօգնի՞:
-Չեմ կարծում, որովհետև մենք փոքր շուկա ունենք ու եթե այդ շուկան բաժանենք ևս մի քանի կտորի, ապա այն բոլորին չի հերիքի: Ազատականացումը պետք է լինի այլ ոլորտներում՝ ավիացիային աջակցող ոլորտներում: Ուղղակի շուկան չի դիմանա շատ ընկերությունների առկայությանը: Այսօր շատ ընկերություններին թույլատրել են թռիչքներ իրականացնել, բայց ուղևորներ չկան: Կա ընդամենը երկու ինքնաթիռի ուղևոր, իսկ իրականացվում է յոթ թռիչք: Ուղևորները բաշխվում են այդ յոթ չվերթի վրա և ստացվում է, որ բոլորը տնտեսապես վնասներ են կրում: Դրա համար էլ բոլորը բարձրացրել են գները:
-Պարոն Բաղդասարով շատ է խոսվում նաև, որ պատրաստվում եք տեղափոխել ձեր բիզնեսը Հայաստանից դուրս: Ճի՞շտ են խոսակցությունները:
-Վերցնելու բան չկա: Հայաստանը՝ հայրենիքս է, ուզես չուզես բիզնես այստեղ կլինի, այլ հարց է, որ մի շարք բիզնեսները, որոնք շահութաբեր էին, թե ոչ՝ աշխատում էին, որ պետությունը լավ լինի: Այժմ կաշխատի այն բիզնեսը, որը շահութաբեր է: -Իսկ «Արմավիա»-ի ու «ՄԻԿԱ ցեմենտ»-ի գնման մասին խոսակցություններն իրականությանը համապատասխանո՞ւմ են: Ասում են գնորդներից մեկն էլ՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:
-Միքայել Մինասյանն այդտեղ չկա, իսկ գնելու ցանկություն բոլորն ունեն, բայց միջոցներ չունեն:
-Ի՞նչ կմաղթեք հայաստանյան ավիացիոն շուկային:
-Կմաղթեմ, որ բարգավաճի ու հաջողություններ ունենա: Առանց ավիացիայի հնարավոր չէ, ուղղակի բոլորը պետք է սրտացավ լինեն, ոչ թե միայն հարցնեն իրավիճակից: Մեզ բոլորը հարցնում են, բայց ոչ ոք չի օգնում: