Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը:
Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող պետական և քաղաքական գործիչ:
Մարգարեթ Թեթչերի սկզբունքայնությունն ու հետևողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք և ոգեշնչել շատ քաղաքական գործիչների:
Հայաստանում լավ են հիշում աղետալի երկրաշարժի օրերին նրա առաջնորդությամբ Միացյալ Թագավորության անունից հայ ժողովրդին ցուցաբերված աջակցությունը և նրա այցելությունը աղետի գոտի:
Խորին վշտակցություն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարությանը և ժողովրդին, Մարգարեթ Թեթչերի հարազատներին և մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: