Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդները` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ:
Սփյուռքահայ պատանիների հետ հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով ընդգծել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունը հայրենիքի բարգավաճման և հզորացման գործին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանող պատանիներին ու աղջիկներին ոչ միայն պատմամշակութային վայրեր այցելելու, այլև հայոց բանակի զորամասերում, ռազմաուսումնական հաստատություններում լինելու, զինված ուժերի մարտունակությանը և սպառազինությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռվում։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ, ողջունելով սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին, խոսել է զինված ուժերի անցած ուղու մասին, ներկայացրել է բանակաշինության փուլերն ու առաձնահատկությունները, զինված ուժերի ձեռքբերումներն ու խնդիրները: «Դուք պետք է ծանոթանաք մեր հայրենիքի սահմաններին, պատմությանը, մշակույթին և բոլոր արժեքներին: Այդ արժեքներն են, որոնք հենք են հադիսանում մեզ համար պահպանելու դրանք ու հենց այդ հենքի վրա կերտել մեր բոլորի համար անվտանգ ու բարեկեցիկ ապագա: Հայրենիքը միշտ զգում է Սփյուռքում ապրող հայ ժողովրդի շունչը: Հատկապես մեր զինվորները գիտակցում են, որ թիկունքում կանգնած է համայն հայությունը, մենք միայնակ չենք, որ բոլորս միասին ենք լծված հայրենիքի պաշտպանության գործին և միասին ենք կերտում մեր երկրի բարօրությունը և ապագան»,-իր խոսքում նշել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանական գերատեսչությանը ղեկավարը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին խաղաղության և անվտանգության ապահովման խնդիրներին, զինված ուժերի պատրաստվածությանը, ժամանակակից սպառազինությամբ համալրվածությանը։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնել է ՀՀ ԶՈւ խորհրդանշական հուշամեդալ՝ Սփյուռքի երիտասարդների և զինված ուժերի հետ ակտիվ համագործակցության, սփյուռքահայ երիտասարդության հայրենաճանաչողության գործում իր դերակատարության համար: