ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Զիգֆրիդ Բրակեին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն այն բարձր արժեքներին, որոնք դավանում է ողջ Բելգիայի ժողովուրդը:
Ընդունեք խնդրեմ, hարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։