«Ամբողջ տունը կապտանռնագույնել է: Ես ու Ալեքսը կազմ-պատրաստ սպասում ենք: Առա՜ջ, տղաներ: Միայն հաղթանակ»:

Եթե Ձեր ֆեյսբուքյան էջում էլ են պարբերաբար նման բովանդակությամբ գրառումներ հայտնվում, ուրեմն մենք ընդհանուր ընկեր ունենք՝ հանձին Սիրարփի Աղաբաբյանի.

«Տարիք հիշելու կարիք չկա, ֆուտբոլի նկատմամբ սերն ինձ մոտ ծնված օրվանից է: Պապայի հետ միշտ նայել, երկրպագել եմ Ազգային հավաքականին՝ անկախ հաջողություններրից: 

Հիշում եմ, որ սիրում էի ոչ աղջկական բաներ անել, որոնցից մեկն էլ ֆուտբոլն էր: Բացի ոչ աղջկականից սիրում էի նաև բաներ անել, որ ոչ ոք չի անում: Էդպես դասարանի բոլոր տղաները «Ռեալ» Մադրիդի ֆան էին, ես էլ որոշեցի, որ «Բարսելոնա» եմ սիրում:

Սկզբից ուղղակի զվարճանք էր, ոչ մի ֆուտբոլիստի անուն չգիտեի, բայց հետո արդեն սկսեցի խորապես ուսումնասիրել, ձևավորվեց ֆուտբոլային ճաշակս ու այդպես: Հիմա արդեն10 տարուց ավելի է , ինչ ապրում եմ ֆուտբոլով ու դա ապրելակերպ է դարձել»:

Եթե ԵՊՀ 7-րդ մասնաշենքի միջանցքներով քայլելիս տեսնեք կապտանռնագույն շարֆով, պայուսակով, «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից որևէ մեկի կրծքանշանով ու պլանշետի վրա՝ կատալոնական ակումբի տարբերանշանով աղջկա, վստահ եղեք՝ դա հաստատ Սիրարփին է: 

Ես անձամբ՝ հաճախ եմ նրան տեսել՝ ինչ-որ մեկի հետ ինչ-որ թեմայով տաքացած քննարկում անելիս, էլ չեմ խոսում ստատուսների ու մեկնաբանությունների մասին: Հատկապես, եթե դիմացինն «Արքայական ակումբի» երկրպագու է, քննարկումն ավելի հետաքրքիր ու թեժ է ստացվում.

«Հնարավոր չի, որ «Ռեալի» ֆաներն ու մենք երբևէ բանավեճեր չունենանք: Եթե իրական երկրպագուներ են, ապա ինչ էլ քննարկեն՝ վերջում էդ բախմանն են գալու: Ես շատ մտերիմ ընկերներ ունեմ սերուցքայիններից:

Եթե «Ռեալի» պարտությունը մեզ օգնում ա, ուրախանում եմ դրանից: Իսկ նրա մասնակցությամբ սովորաական խաղերը նայում եմ՝ որպես կողքից ֆուտբոլասեր (կասեի ես, եթե անկեղծ չլինեի):

Այդ թիմում սիրում եմ Ռամոսին՝ մեր դեմ ամենաշատ պայքարող ու մեզ չսիրող Ռամոսին:

Ռոնալդուն, իհարկե, լավ ֆուտբոլիստ է: Իմ ճաշակով չի խաղում, բայց ժխտել,որ լավն է, սխալ կլինի: Ինձ թվում է՝ նրա շատ մեծամիտ պահվածքը զուտ իմիջ է, իսկ ինչպիսին է նա իրականում՝ ոչ ոք չգիտի:Հա, ու մեկ էլ երբեք չեմ հասկացել, թե ինչո՞վ ա ինքը գեղեցիկ»:

Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է երեխան արձագանքում, երբ նրան հարցնում են՝ մայրիկի՞ն է շատ սիրում, թե՞ հայրիկին: Նույն կերպ արձագանքեց Սիրարփին այն հարցին, թե «Բարսելոնայի» կազմում ով է իր ամենասիրելի ֆուտբոլիստը.

«Երբեք էս հարցի մասին չեմ մտածել: Ես իմ թիմում բոլորին էլ սիրում եմ: Ներկայիս կազմից, գուցե, Ալվեսին ու Ինիեստային մի փոքր ավելի շատ:

Ու եթե հանկարծ Էնրիկեի փոխարեն ես գլխավորեի «Բարսան», Ալվեսին կասեի, որ եթե ուզում է մեկնարկային կազմում խաղալ, ապա պետք ա վարսավիրին փոխենք:

«Բարսելոնայի» ամենահիշարժան հաղթանակն ու պարտությունն ինձ համար Չեմպիոնների լիագյի կիսաեզրափակչից են. հաղթանակը, երբ ընդհանուր հաշվով հաղթեցինք «Չելսիին», իսկ պատրությունն էլ հաջորդ տարի՝ «Ինտերի» հետ խաղում»:

Հետաքրքրական է, որ ֆուտբոլն այսքան սիրելով հանդերձ՝ Սիրարփին երբեք նույնիսկ չի էլ փորձել խաղալ, քանի որ, ինչպես ինքն է ասում, ատում է, երբ ֆուտբոլ աղջիկներն են խաղում: Իսկ ինչ վերաբերում է մնացած սպորտաձևերին.

«Ակտիվ հետևում եմ բասկետբոլին, թենիսին ու մնացած բոլոր մարզաձևերին, որտեղ հայ կա»:

 

Մարիամ Նալբանդյան