ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտվելու կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պարոն Սուխորենկոյի գործունեությունը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կրել են անմիջական բնույթ, երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել են բարեկամական, ջերմ հարաբերություններ: Գալուստ Սահակյանը նշել է նաև, որ պետք է ամրապնդել երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել Ստեպան Սուխորենկոյին հետագա գործունեության ընթացքում և հույս հայտնել, որ նա մշտապես կմնա հայ ժողովրդի բարեկամը:
Ստեպան Սուխորենկոն շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին դիվանագիտական առաքելության ընթացքում իրեն մշտապես աջակցելու համար: Դեսպանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը խարսխված է բելառուս և հայ ժողովուրդների երկարամյա բարեկամության վրա:
Ստեպան Սուխորենկոն կարևորել է Բելառուսի և Հայաստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսի և Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր թափ կհաղորդի համագործակցությանը տարբեր բնագավառներում: