Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ
72-ժամյա նստացույց Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում.

Նստացույցի նպատակը

Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես.

Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:

Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:

Օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման փոխհատուցման ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, խնդիրը կարգավորող որեւէ իրավական ակտ չի ընդունվել:

Այդ պատճառով «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը որոշել է Երեւանի «Հանրապետության» հրապարակում անցկացնել 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրվել էին քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Նստացույցի նպատակն է՝ իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որեւէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել:

Նստացույցի անցկացման կարգը

Նստացույցը անցկացվելու է Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում:

Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 28-ի, 18:00) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 29-ի, 18:00)՝ 60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 30-ի, 18:00)՝ 90 հոգին:

Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխներով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխը ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն:

Արեւից պաշտպանվելու Համար նստացույցի մասնակիցները օգտագործելու են անձնական հովանոցներ:

Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր:

Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ չափի:

Ոստիկանության աջակցությունը

Ամեն 3 ժամը մեկ, 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթեւեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու եւ կենտրոնից հետ վերադառնալու համար:

Նստացույցի վաղաժամկետ դադարեցումը

Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ ՀԾԿՀ-ն՝ Իրավական ակտերի մասին օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ կճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը:

Նստացույցի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներին համապատասխան:


«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ