Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երկամսյա կալանք սահմանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից՝ դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի բոլոր միջնորդությունները` այդ թվում` գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ապացույցների համակցությամբ` Տ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով: