Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.
««Եթե դու հենց հիմա չանջատես համակարգիչը և չնստես դաս անելու, ես քեզ 5 օր պաղպաղակ չեմ առնի»: Ծանոթ արտահայտություն է, այնպես չէ՞: Այսպիսի սպառնալիքներով ենք մենք՝ մեծահասակներս, դիմում մեր զավակներին, որոպեսզի վերջիններս դրսևորեն այն վարքը, որը, մեր կարծիքով, իրենց՝ երեխաներին, օգտակար է: Պայման դնելով՝ մենք ցանկանում ենք որոշակի վախի զգացողություն առաջացնել երեխաների [և ոչ միայն երեխաների] մեջ՝ ձգտելով, որ նրանք համապատասխանեն «լավի» ու «ճշտի» մասին մեր պատկերացումներին:
Այդ մոտեցման հիմքում ընկած է դիմացինին վերահսկելու ոչ այնքան խելամիտ ձգտումը: Կա մարդկային այդպիսի խառնվածք, կասեի նույնիսկ՝ հոգեկան հիվանդության նման մի բան՝ փորձել վերահսկել քո ընտանիքի անդամներին, քո գործընկերներին, որոշակի կուսակցության անդամներին և այլն: Այդպիսի մարդիկ գիշերը հանգիստ չեն քնի, եթե չիմանան, որ որոշակի վերահսկողություն ունեն մարդկանց այս կամ այն խմբի նկատմամբ:
Ինչպե՞ս է դրան հնարավոր հասնել: Բնականաբար՝ պայմաններ դնելով, ավելի պարզ ասած՝ շանտաժելով: «Եթե դու դա չանես, ես քեզ չեմ սիրելու»՝ կարծես թե սերը ինչ-որ բանի համար վարձատրություն է և կարող է պայմանական լինել: Կամ օրինակ՝ «ով աթեիստ է, նա հայ չէ»:
Կամ՝ «ով դաշնակցական չի, նա հայ չէ»: Այդպես էին 90-ականներին շանտաժում տվյալ կուսակցության անդամները:
... «Լավ,- կասեք դուք,- իսկ ի՞նչ է պետք անել, որ երեխան անջատի համակարգիչը և սկսի դաս անել»: Չգիտեմ, ամեն մեկն ինքը պետք է որոշի, թե ինչպես դիմացինին հուշել, քո կարծիքով, ճիշտ ճանապարհը: Անձամբ ինձ թվում է, որ ես պետք է բացատրեմ, թե ինչի եմ ես հասել՝ հիմար բաներով չզբաղվելով և ժամանակս արդյունավետ օգտագործելով: Բայց լուծումն, իհարկե, անհատական է: Կարևոր է գիտակցել, որ շանտաժով ոչնչի չես հասնի»,–գրում է թերթի խմբագիրը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: