Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Նա անդրադարձավ տարվա ընթացքում գրանցված օձերի խայթոցների դեպքերին:
Գլխավոր թունաբանի խոսքերով, ի տարբերություն նախորդ տարվա, ընթացիկ տարում արդեն իսկ գրանցվել է մահվան մեկ դեպք՝ ավելացնելով, որ օձերն ակտիվությամբ աչքի են ընկնում հնարապետության գրեթե բոլոր տարածքներում, մասնավորապես՝ Արարատյան դաշտավայրում և Սյունիքում:
Պարոն Գաբրիելյանը նաև անդրադարձավ նրան, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորել օձի հանդիպելիս: Նա նշեց, որ օձը երբեք նախահարձակ չի լինում, կարող է ձայն հանել, ֆշշացնել, իսկ խայթվածին առաջին օգնություն ցույց տալու առաջին քայլն անշարժացումն է:
Թունաբանը վստահեցրեց, որ հանրապետության բոլոր մարզերն էլ ապահովված են համապատասխան հակաթույներով: Կարիճների խայթոցներին անդրադառնալով՝ գլխավոր թունաբանն ասաց, որ գրանցվել է նմանատիպ 4 դեպք նախորդ տարվա համեմատությամբ, երբ գրանվել էր 6-ը:
Խայթոցների դեպքում մասնագետը խորհուրդ տվեց առաջին օգնությունից հետո դիմել բժշկի՝ վտանգավոր հետևանքներից խուսափելու համար:


