ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կ.Ուլնեցի փողոցում երկու անձանց սպանության դեպքի առթիվ:
Այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել, որ Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կրակոցներ են հնչել, և ամուսիններ են ընկած գետնին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Կ.Ուլնեցի 30 շենքի բնակիչներ Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ովքեր ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Կատարվում է նախաքննություն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ քննություն է տարվում:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: