Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանի մի քանի համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը և ասաց, որ կանցկացվեն Կոտայքի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ավագանու ընտրություններ, Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի արտահերթ ընտրություններ, Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, ինչի համար գումար կհատկացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ոստիկանությանը։
Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ Խաշթառակի համայնքի ղեկավարը առողջական խնդիրներ ունի և հրաժարականի դիմում է գրել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, թե ինքը տեղեկություններ ունի, որ համայնքապետին պարտադրել են, որպեսզի վերջինս հրաժարականի դիմում գրի, ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Ոչ մի պարտադրանք չի եղել համայնքապետը առողջական խնդիրներ ունի և մեկնելու է արտերկիր բուժման»: