«Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը կառավարությունը մոտակա մեկ-երկու օրերին կվճարի։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստին ասաց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նա մասնավորապես ասաց.
«Բոլոր փաստաթղթային ձևակերպումներին զուգահեռ, ընթանում է նաև «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքները։ Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում ամբողջությամբ կվճարենք։ Որևէ խանգարող հանգամանք կամ խոչընդոտ չկա, այդ թվում նաև ֆինանսական»։
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի արդեն նախկին աշխատողները այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ արտահայտելով իրենց բողոքը: