Արամ Աբրահամյանը  «Առավոտի» խմբագրականում գրել է.
«Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր մարդկանց «նոր Հայաստանի երդմնակալությանը»: Դրական է անշուշտ, որ նա իրեն չհռչակեց Հայաստանի նախագահ, ինչը կարող էր պատրվակ դառնալ իշխանությունների համար լայնամասշտաբ բռնաճնշումների համար: Երդման տեքստն արտասանելն ու ներկաների կրկնել տալը բավական հաջող մտահղացում էր, սակայն տեքստը երկար էր, և երդման երկրորդ կեսն արտասանվում էր առանց էնտուզիազմի: Մնացած գործողությունները հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. Քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի ժողովրդի կամքին: Իմ տպավորությամբ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում. Գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սնդուկները և մեջը եղած ոսին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ: Որից հետո, ըստ հավաքվածների սկսվելու է ուրախ, երջանիկ կյանք...: Այդպիսին է Ազատության հրապարակում հավաքված արմատական ընտրազանգվածի կողմնորոշումը նաև այսօր:

Պե՞տք է արդյոք «ենթարկվել ժողովրդի կամքին» և գնալ իշխանություն վերցնելու: Ինձ թվում է՝ ոչ: Բայց նմանատիպ իրավիճակում հայտնված ցանկացած քաղաքական գործիչ պետք է այդ «ոչ»-ն ասի բարձրաձայն՝ հստակ , առանց որևէ մեկնաբանության տեղիք տալու: Այդպես են վարվել, մասնավորապես, Ստեփան Դեմիրճյանը, որին շատ էին ծաղրում իր «սահմանադրական ճանապարհի» համար, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: (Մարտի 1-ը այլ պատմություն է, որին հիմա չարժե անդրադառնալ): Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նույնպես , բնականաբար չի ցանկանում, որ լինի որևէ բախում, այդ «ոչը» հստակ չի ասում: Գուցե դա որոշակի անփորձությունից է»: