Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտների հետ:
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անկաշկանդ զրույց է ունեցել սպաների հետ, շնորհավորել է ծառայողական նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:
Ողջունելով ՀՀ, ՌԴ, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի և ԱՄՆ ակադեմիական դասընթացներն ավարտած շրջանավարտներին՝ Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմական բարձրագույն կրթության ստացած սպաների դերը ազգային բանակի մարտական պատրաստականության ամրապնդման գործում, հորդորեց այսուհետ ևս չզլանալ և ծառայությունից ազատ ժամանակահատվածը տրամադրել ուսմանը:
Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին դասընթացների ավարտի և նոր նշանակումների, առանձին դեպքերում էլ՝ հերթական զինվորական կոչումների շնորհման կապակցությամբ, մաղթեց նրանց խաղաղ և արգասաբեր ծառայություն: Ընդգծելով, որ ակադեմիական դասընթացների շրջանավարտների մի մասը ռազմական կրթությունը ստացել է Հայաստանում և նշելով, որ տարեցտարի կավելանա մեր երկրում բարձագույն ռազմական կրթություն ստացած սպաների թիվը, Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ ծառայության նոր վայրերում գործնականում կիրառելով ակադեմիական դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները՝ սպաներն առավել կբարձրացնեն ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության աստիճանը:
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարն ակադեմիական դասընթացների շրջանավարտներին տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ, հորդորեց անել առավելագույնը ծառայության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները շտկելու և դրանք հետագայում բացառելու համար: