Այսօր ԱԺ-ում շարունակվում էր հերթական քառօրյան և օրակարգում էր մարդու իրավունքների պաշտպանի 2011-2012 թվականի զեկույցի քննարկումը: Երկուշաբթի ՄԻՊ Կարեն Անդրեասյանն արդեն զեկույցը ներկայացրել էր խորհրդարանին :

ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ելույթ ունենալով Աժ ամբիոնից քննադատության ենթարկեց ՄԻՊ զեկույցը, ասելով.«Եթե քաղբանտարկյալի մասին, քաղբանտարկյալների մասին չկա անդրադարձ, ուրեմն այդ զեկույցը զեկույց չէ»:

Արամ Մանուկյանի խոսքը վերաբերում էր  ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և նրա հետ միասին 2-ից  6 տարի ազատազրկման դատապարտված երեք երիտասարդներին:

Ընդդիմադիր պատգամավորը հղում է անում միջազգային իրավապաշտպան մի կազմակերպության և ասում, որ «Հյումն Ռայթս Դիֆենց»-ը Տիգրան Առաքելյանին ճանաչել է տարվա քաղբանտարկյալ  Հայաստանում:

«Շուրջ 150 անգամ, պարոն Անդրիասյան, ակցիա է եղել Գլխավոր Դատախազության  մոտ: Նվազագույնն եմ ասում` 150 անգամ: 150 անգամ մենք գրավոր պահանջ ենք ներկայացրել և ոչ մի անգամ, ըստ ՀՀ օրենքների մենք պատասխան չենք ստացել: Որևէ անգամ Դուք այցելե՞լ եք մեր քաղբանտարկյալներին` չեք այցելել»,- առանձնացրեց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ այդ խնդիրն ավելի խորքային է: