Ռուսական ՏԱԱՍ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակն օրեր առաջ լրագրողներին հայտնել է, որ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ»-ը 300 մլն. դոլար արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին:
Այս վարկն ամենայն հավանականությամբ կտրամադրվի հիմնադրամի կողմից սահմանված ստանդարտ տոկոսադրույքով, որն է 1 կամ 2 տոկոսադրույքի սահմաններում:
Տրամադրվող վարկը կարող է օգտագործվել մի քանի ուղղություններով, որոնցից են «Հայկական ատոմային էլեկտրակայանի» շահագործման ժամկետի երկարաձգումը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ֆինանսավորումը կամ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացումը:
Նշված բոլոր ծրագրերն էլ արդիական են և շատ կարևոր ՀՀ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման տեսանկյունից, սակայն մեր օրերում նրանցից ամենակարևորը «Հայկական ատոմային էլեկտրակայանի» շահագործման ժամկետի երկարաձգումն է, որի համար անհրաժեշտ գումարը գրեթե համընկնում է տրամադրվող վարկի չափի հետ: Այս վարկի օգտագործման ուղղիների ընտրության երկրորդ կարևոր հարցն այն կառույցն է, որտեղից տրամադրվում է վարկը, այս դեպքում վարկը տրամադրվում է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ»-ի (նախկինում` ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամ) կողմից, իսկ նա առաջին հերթին հետապնդում է կայունացման ծրագրերի ֆինանսավորման նպատակ:
Այդ տեսակետից «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի շահագործման ժամկետի երկարաձգումն ամբողջովին բավարարում է նշված պայմանին, քանի որ երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից էներգետիկան կատարում է տնտեսության ողնաշարի դերը, իսկ ՀՀ էներգետիկ համակարգում «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ն ունի մեծ ազդեցություն` էլ.էներգիայի գեներացման կառուցվածքում 40% մասնաբաժին ունենալով, բացի այդ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի շահագործման ժամկետի երկարաձգումն ընդգրկված է և ՀՀ էներգետիկ անվտանգության երկարաժամկետ ծրագրում, որտեղ մոտ ապագայում ունի առանցքային նշանակություն:
Անի Սանոսյան՝ ֆեյսբուք