Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների երդման, սպայական կոչումների և սպայական դաշույնների շնորհման հանդիսավոր արարողությունը:
Ավարտական հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմը ներկայացուցիչներ, քաղաքացիական բուհերի ռեկտորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, բարձրաստիճան այլ հյուրեր, շրջանավարտների ծնողներն ու հարազատները:
Շրջանավարտներին ուղղված իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի տքնաջան աշխատանքի արդյունքները գոհացուցիչ են լինելու, քանի որ տարիներ շարունակ հենց այդ նույն կրթօջախների շրջանավարտ սպաներն են նաև ապահովում են մեր երկրի խաղաղությունը: «Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը և Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը հիմնադրվելուն պես դարձան բարձրագույն զինվորական կրթության այն օջախները, որոնք պրոֆեսորադասախոսական ու սպայական կազմի մասնագիտական պատրաստվածության ու նվիրվածության շնորհիվ կարողացան համաքայլ ընթանալ ժամանակի պահանջներին և պատրաստել սպաներ, ովքեր դառնում են քսանմեկերորդ դարի հայ զինվորի մարտական ուսուցման կազմակերպողն ու նրա հրամանատարը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սեյրան Օհանյանը շնորհավորել է նաև բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներն ավարտած և ակադեմիական կրթություն ստացած սպաներին, վստահություն է հայտնել, որ նրանք հայոց բանակի սպայակազմի լավագույն մասն են կազմելու:
Հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջունել և 2015թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին շնորհավորել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: «Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում են ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, ահա ինչու մենք հավատում ու վտահում ենք ձեզ: Դուք համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը, ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է»,-իր խոսքում նշել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը ուսման գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով:
Արարողությունն ավարտվել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումով:
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն օգոստոսի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի ու Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: