Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի թաղման արարողակարգի ժամանակ ծախսվելու է շուրջ 6 մլն ֆունտ ստերլինգ(մոտ 9 միլիոն դոլար): Այս մասին հաղորդում է Lenta.ru գործակալությունը` հղում կատարելով անգլիական The Daily Telegraph պարբերականին: Թաղման ծախսերի մի մասը կատարելու են Թետչերի անձնական հարստությունից, իսկ մասամբ բրիտանական բյուջեից:

Ապրիլի 17-ին նշանակված թաղման արարողությունները կազմակերպող հանձնախումբն ապրիլի 9-ին անցկացրել է իր առաջին նիստը: Դեռևս 2009 թվականին ստեղծված և True Blue(իրական կապույտ) անունը կրող հանձնախմբի մեջ մտնում են MI5 հակահետախուզության ղեկավարությունը, թագավորական ընտանիքի, Անգլիական եկեղեցու, ոստիկանության և խորհրդարանի անդամներ:

Նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ Թետչերի հրաժեշտի արարողությանը մասնակցելու են 1982 թվականին Արգենտինայի դեմ Ֆոլկլենդյան պատերազմին մասնակցած բանակը և նավատորմը, ինչպես նաև Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ը և նրա ամուսին Ֆիլիպը, Էդինբուրգի հերցոգը: Վերջին անգամ պետության ղեկավարը ներկա էր գտնվել Բրիտնիայի վարչապետ Վինսթոն Չերչիլի թաղման արարողակարգին:

Համաձայն նախանական ծրագրի  թաղման գիշերվանից մեկ օր առաջ Թետչերի մարմինը բերելու են Վեստմինիստերյան դղյակի մատուռ: Առավոտյան կառքի վրա դրած վերջինիս մարմինը անցկացնելու են Լոնդոնի փողոցներով, որից հետո տեղափոխելու են սուրբ Պողոս եկեղեցի: