ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` կեղծ տարադրամ իրացնելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015թ. հունիսի 8-ին մի քաղաքացի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում փոխանակման նպատակով ներկայացրել է մեկ 100 եւ մեկ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքի կեղծ թղթադրամներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի գլխավոր գրասենյակի տեսախցիկի` տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ, ըստ վկաների ցուցմունքների, երեւում է կեղծ թղթադրամները բանկի աշխատակցուհուն ներկայացրած անձը։

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու եւ միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

«Ովքեր ճանաչում են տվյալ անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է ՀՀ Քննչական կամիտեի տարածած հայտարարությունում: