«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս… ոչ, ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ թույլ տալ Դավիթ Սանասարյանին և Անդրիաս Ղուկասյանին 72 ժամ նստել Հանրապետության հրապարակի «գորգին»:
Մեծ բան չէ ուզածները, բայց այն, ինչ տեղի կունենա նրանց հետ 72 ժամ կիզիչ արևի տակ նստելուց, հավատացնում եմ, կգերազանցի բոլորի սպասելիքները: Կարծում եմ` 120 աստիճան ջերմությամբ գորգին նստելուն պես նույնիսկ հայտնի մազոխիստ Անդրիաս Ղուկասյանն այնպես կսկսի վազել դեպի շատրվանները, որ ոչ մի ոստիկան հետևից չի հասնի: Նրանք ո՞ւմ տեղն են դրել հայ ժողովրդին, որ մի բան էլ հրավիրում են «գորգ»:
Հաստատ ձեռ են առնում, որովհետև ոչ մի խելացի մարդ ստվերում 40 աստիճան շոգին ժողովրդին պայքարի չի հրավիրի մի տեղ, որտեղ, մեղմ ասած, բուսականությունն այնքան էլ առատ չէ:
Կարճ ասած` այն, ինչ այս օրերին անում են Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը, որևէ առնչություն չունի որևէ պայքարի հետ: Դա մեզ ընդամենը հեռավոր կերպով հիշեցնում է Շանթի հինգրոպեանոց հեղափոխության «անզեն» տարբերակը` կոմիկական դրվագներով հարստացված: Մի բան պարզ պետք է լինի «առաջնորդներ» Սանասարյանի և Ղուկասյանի համար` եթե ժողովուրդը չի գալիս, մեկ-երկու փորձից պետք է հասկանալ, որ սկսում ես նմանվել այն միմոսին, որին արդեն ոչ ոք մանրադրամ չի տալիս խեղկատակությունների համար: Դաժան է, իհարկե, բայց սա է իրականությունը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: