Մայիսի 23-ին Երևանի Արաբկիր ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, կսկսվի «Մատաղիսի գործով» արդարացվածներն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայցադիմումի գործով դատաքննությունը,- գրում է «Փաստինֆո»ն:
Այսօրվա նախնական դատական նիստում դատարանը գտավ, որ գործը նախապատրաստված է դատաքննությունը սկսելու համար: Գ.Ջհանգիրյանի կողմից հայցվորների հասցեին վիրավորանք ու զրպարտություն հասցնելու ապացուցման բեռը դրվեց հայցվոր կողմի վրա, իսկ այն, որ Գ.Ջհանգիրյանի արտահայտություններն ուղղված չեն կոնկրետ արդարացվածների դեմ, պետք է ապացուցի պատասխանող կողմը:
«Մատաղիսի գործով» արդարացվածները՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը, գտնում են, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրավորել ու զրպարտել է կոնկրետ իրենց՝ ասելով՝ «մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին»: Ըստ հայցվոր կողմի՝ Գագիկ Ջհանգիրյանն է որպես ՀՀ զինվորական դատախազ հաստատել մեղադրական եզրակացությունը, ինչի հետևանքով իրենք 2 տարի 8 ամիս գտնվել են կալանքի տակ ու շուրջ 10 տարի քրեական հետապնդման ենթարկվել, ուստի ակնհայտ է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճռի օրը նախկին դատախազի արտահայտություններն ուղղված են եղել կոնկրետ իրենց դեմ:
Պատասխանողը՝ Գ.Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը, գտնում է, որ իր վստահորդի արտահայտությունները վերացական բնույթի են և ուղղված չեն եղել կոնկրետ արդարացվածների դեմ: Կողմը գտնում է, որ ավելի վաղ կարծիք հայտնելու ազատության իրավունքին հղելը չի հակասում այսօրվա հիշյալ հայտարարությանը:
Հայցվոր կողմը պահանջում է դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ հայցվորների բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար՝ «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը: