Նոր Սահմանադրությունը պատրաստ է, մնացել է անցումային դրույթների գլուխը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են, իսկ անցումային դրույթների հապաղումը պայմանավորված է նրանով, որ գործող նախագահի լիազորությունների ժամկետի հետ կապված խնդիրներ են առաջանում:
Նա հավելեց.
«Որովհետև մենք ունենք գործող նախագահ, որն ընտրվել է լիազորությունների մեկ այլ ծավալով, քան նախատեսվում է նոր Սահմանադրությամբ, կառավարության, ԱԺ կարգավիճակը չասեմ, բայց լիազորություններ փոփոխվում են, որոնք կարող են հակասության մեջ մտնել որոշակի ժամկետով ու լիազորություններով ընտրված այլ պետական մարմինների հետ»:
Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ մենք ԵԽԽՎ անդամ երկրներից 1-ին ենք, որ սահմանադրորեն ամրագրում ենք՝ բուհերն ունեն ակադեմիական ազատություններ, որ Հայաստանում կրթությունը 12-ամյա է, որ լեզուն՝ որպես մշակութային արժեք, գտնվում է պետության հոգածության ներքո, որ ազգային փոքրամասնություններին տրվում է բոլորովին այլ կարգավիճակ և այլն: