ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը:
2015թ. օգոստոսի 5-ին` ժամը 06-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Վահագն Խաչատրյանը և Արսեն Հունանյանը:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. օգոստոսի 5-ին` ժամը 05:30-ի սահմաններում, 35-ամյա Վահագն Խաչատրյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում բախվել է Ա.Գրիգորյանի վարած «Դաֆ AE 45180» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Վահագն Խաչատրյանը և նրա ավտոմեքենայի ուղևոր, 31-ամյա Արսեն Հունանյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Մի քանի ժամ անց, գիտակցության չգալով, N զորամասի հրետանու շտաբի պետ Արսեն Հունանյանը բժշկական կենտրոնում մահացել է։
Դեպքի առթիվ նույն օրը՝ օգոստոսի 5-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Նախաքննության ընթացքում կատարվել են դիակի, ավտոմեքենաների զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։