ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունել է Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշին, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրավերով «Խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Խաղողագործության զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար: Համոզված եմ, որ որպես ոլորտի բարձրակարգ և հմուտ մասնագետ Ձեր փորձառությամբ կարող եք մեծ աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման հարցում»,- ողջունելով հյուրին` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար` Լասլո Կոչիշը նշել է, որ նախկինում արդեն այցելել է Հայաստան` խաղողի այգիներում ֆիլոքսերայի մոնիթորինգի իրականացման և հայ մասնագետներին խորհրդատվություն տրամադրելու և ուսուցում իրականացնելու նպատակով: Իր խոսքում պրոֆեսորը նաև հավելել է, որ խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում և այժմ ամենուր այդ վնասատուի դեմ պայքար է տարվում:
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կոչիշը նախարարին մանրամասն ներկայացրել է իր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց անհրաժեշտ է արգելել վարակված երկրներից արմատակալների ներմուծումը, կիրառել միայն ֆիլոքսերազերծ սորտեր, որոնց արտադրությունը պետք է կազմակերպել հանրապետությունում` պետական խիստ վերահսկողության ներքո: Կարևորվեց նաև համապատասխան մասնագետների միջոցով ֆիլոքսերայի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը հայ խաղողագործների շրջանում:
Հանդիպման շրջանակում անդրադարձ եղավ նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հաստատված ծրագրով խաղողի կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին: