Յուրաքանչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվան ընդառաջ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, բազմաթիվ շինարարներ: Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ՝ նվիրումով շարունակելու Հայաստանի ու մայրաքաղաք Երևանի շենացման շնորհակալ գործը։
«Մեր ժողովուրդը դարեր շարունակ հարգանքով է վերաբերվել շինարարներին ու գնահատել է նրանց աշխատանքը: Մենք այսօր էլ հպարտանում ենք հայ վարպետ շինարարների ձեռքով կառուցված բազմաթիվ կոթողներով, որոնք մեր ժողովրդի հազարամյակների պատմության վկաներն ու ապացույցն են: Այսօր էլ դուք եք շարունակում մեր վարպետ նախնիների ավանդույթները և նվիրված աշխատանքով նաև ձեր հետքն եք թողնում մեր երկրի ու մեր քաղաքի պատմության մեջ: Ասում են՝ շեն է ու ապագա ունի այն երկիրը, որտեղ չի լռում շինարարի մուրճի ձայնը: Ու ես վստահ եմ, որ ձեր շնորհիվ այդ ձայնը կշարունակի հնչել միշտ՝ շենացնելով մեր երկիրը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ապագա սերունդներին մնայուն արժեքներ փոխանցելու անսպառ հաստատակամություն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շինարարի օրվա առթիվ շինարարության և ճարտարապետության ոլորտում ունեցած մեծ ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար «Մակարեդ» ՓԲԸ տնօրեն Գալինա Եդիգարյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ով: «Արտալան ինդաստրիզ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արտաշես Կազախեցյանն էլ արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրի:
Տոնական օրվա շրջանակում շինարարներին շնորհավորել և պարգևներ են հանձնել նաև ՀՀ վարչապետն ու ՀՀ քաղաքաշինության նախարարը: