Օրերս YerevanNews.am-ի կողմից պատրաստված տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպիսի անմխիթար վիճակում է Երևանի հենց սրտում գտնվող Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Սա, իհարկե, մայրաքաղաքում հուշարձանների ոչ պատշաճ և բարձիթողի վիճակի մասին վկայող միակ ապացույցը չէ: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են:
Այս թեմայի շուրջ մենք որոշեցինք զրուցել հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի հետ, ով խոսեց Երևանում արձանների վիճակի մասին:
- Դե պետք է լվացվի, մաքրվի: Լակոտներ են էլի... օրինակ՝ Սարյանի արձանը, մի քանի տարի առաջ ինձ զանգեցին ասացին. բարձրացել էին ֆլոմաստերով աչքերի կողքերին կապույտ էին քսել, ոտքերին մուգ կապույտ էին քսել: Ախր արձանը սպիտակ մարմարից է: Ես գնացի, ինչքան հնարավոր էր ժավելով մաքրեցի: Դե դա երևի իրենց համար հետաքրքրություն է...ինչ ասեմ, անդաստիարակ, խուժան լակոտներ են էլի:
Հիմա, քանի որ ես կենդանի եմ, ես իմ արձանների մոտ գնում եմ, հետևում եմ, իսկ եթե հեղինակը կենդանի չէ, ուրեմն քաղաքապետարանը պետք է անի: Չէ՞ որ դա քաղաքի մեջ է, և դա էլ պատկանում է քաղաքին:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ քաղաքապետարանը պետք է անընդհատ վերահսկողություն սահմանի:
«Նորից եմ ասում, եթե հեղինակը կենդանի է, ահազանգում է, թե սովորական քաղաքացիներն որքանո՞վ են շահագռգռված՝ չգիտեմ: Նրանք էլ ունեն իրենց սիրելի արձանները, որոնց կողքին նստում են: Օրինակ՝ Կարաբալան...ես միշտ գնում տեսնում եմ ծաղիկներ են դրված, հետևի խանութի աշխատողները միշտ խնամքով են վերաբերվում»,- եզրափակեց նա:
Միթե՞ սա նշանակում է, որ Երևան քաղաքում հուշարձանների մաքրությանը պետք է հետևեն հենց հեղինակները, հակառակ դեպքում դրանք կարժանան զորավարի և բազմաթիվ այլ նման օրինակների ճակատագրին:
Հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ մայրաքաղաք Երևանի քաղաքապետարանը ոչ լիարժեքորեն է իրականացնում իր պարտականությունները, որոնց համար գումար է ստանում երևանցիների գրպանից: