Մարզական աշխարհում թափ են հավաքում խոսակցություններն այն մասին, որ գործարար Միքայել Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր սեփականությունը հանդիսացող «Միկա» ֆուտբոլային ակումբը եւ մարզադաշտը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս «ջրաղացին ջուր լցրեց» նաեւ այն փաստը, որ նախորդ կիրակի օրը տեղի ունեցած «Միկա»-«Շիրակ» սկզբունքային խաղին, որտեղ «Միկան» իր գլխավոր կռիվը պետք է տար չեմպիոնության համար պայքարում հաղթելու համար, ակումբի սեփականատերը ներկա չէր: Իսկ Բաղդասարովը սովորաբար նման դեպքերում օթյակից հետեւում է խաղին: «Միկա լիմիտեդ» ընկերությունից երեկ մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը խաղին ներկա չի գտնվել`քաղաքում չլինելու պատճառով: ««Միկայի» ոչ բոլոր սկզբունքային խաղերին է պարոն Բաղդասարովը ներկա գտնվում, քանի որ գործի բնույթով, նա մի քանի օր քաղաքում է, մի քանի օր` այլ տեղ»,- ասել ե ընկերությունից: Ինչ վերաբերում է ֆուտբոլային ակումբի եւ մարզադաշտի հնարավոր վաճառքին, ապա, ըստ «Միկա լիմիտեդի» ներկայացուցչի, բիզնեսում ամեն ինչ գնվում եւ ամեն ինչ վաճառվում է»,- գրում է «Հայկական ժամանակը»։