Օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ հերթական շրջայնցն է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում:
Սահմանագոտում տեղակայված զորամասերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների մարտական ու մասնագիտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և իրականացվող շինարարական աշխատանքներին: Ստուգվել է նաև զորամասերի զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգիենիկ վիճակը, զինծառայողների սննդի որակն ու չափաբաժինները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է ամրաշինական և ինժեներական կառույցների հուսալիությանը, ստուգել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պարտականությունների իմացությունը, շրջել է խրամատներում և կատարել է սահմանագծի դիտարկում: Ծառայության մեջ աչքի ընկած և իրենց պարտականություններին լավագույնս տիրապետող զինծառայողներին Սեյրան Օհանյանը խրախուսական նվերներ է հանձնել:
Հյուսիսարևելյան սահմանագոտի կատարած այցի շրջանակում զորամիավորման և զորամասերի հրամկազմի հետ քննարկվել են մարտական պատրաստությանը, առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների կենցաղային պայմաններին և ընթացող շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
Բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ: Ողջունելով և խաղաղ ծառայություն մաղթելով նրանց՝ Սեյրան Օհանյանը կարևորել է զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար՝ ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ բարոյակամային հատկանիշներ ձեռք բերելու տեսանկյունից:
Հերթական շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Ծանոթանալով նրանց խնդիրներին ու մտահոգություններին` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ պետական սահմանի պահպանությունը հուսալի ձեռքերում է և արվում է ամեն ինչ խաղաղ բնակչության առօրյան առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: