Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է Մելքոնյան վարժարանի՝ տարբեր տարիների մի խումբ շրջանավարտների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ճանաչողական այցով ժամանել են Արցախ:
ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանն ուրախություն է հայտնել իրենց հանգիստը հայրենիքում կազմակերպելու համար եւ նշել, որ Արցախը միշտ գրկաբաց է իր զավակների եւ բարին կամեցող բոլոր այցելուների առջեւ: Ներկայացնելով հայ բարերարների միջոցներով Արցախում իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական ծրագրերը եւ հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում՝ վարչապետն ընգծել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը լավագույն խողովակներից է սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի սոցիալ-տնտեսական ծրագրերում ներգրավելու համար:
«Նշանակալի է հիմնադրամի դերը հատկապես ճանապարհաշինության եւ կրթության ոլորտներում:Կառավարության հետ համաֆինանսավորմամբ Արցախում արդեն ավարտին է հասցվում դպրոցաշինության ծրագիրը, իսկ ճանապարհաշինության ուղղությամբ ռազմավարական նշանակության ձեռնարկ է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցումը, որը կավարտվի մի քանի ամսից: Առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի միջոցներով մեկնարկել մի ծրագիր, որի շրջանակներում 5 երեխա ունեցող ընտանիքներին բնակարան է տրվելու»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն ափսոսանք է հայտնել արտերկրի հայաշատ վայրերում գործող հայկական կրթօջախների` մասնավորապես, Մելքոնյան վարժարանի փակման վերաբերյալ՝ շեշտադրելով դրա բացասական հետեւանքները սփյուռքում հայապահպանության եւ մատաղ սերնդի հայեցի ու համամարդկային դաստիարակության գործում:
Շնորհակալություն հայտնելով հանրապետության վարչապետին ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար՝ հյուրերը պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս աջակցելու հայրենանպաստ ծրագրերին:
Հանդիպման ավարտին Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ներկաների տարբեր հարցերի եւ անդրադառնալով հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններին, ընդգծել է, որ հայրենիքում արված ցանկացած ներդրում համարվում է հավերժական: