Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը օգոստոսի 10-ին Պոտսդամում հանդիպել է ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Դիթմար Վոյդկեին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը:

Ողջունելով հյուրին՝ Դիթմար Վոյդկեն նշել է, որ իր համար կարևոր է քրիստոնեական հարուստ մշակույթ ունեցող երկրի դեսպանին ընդունելը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Բրանդենբուրգ երկրամասը հատկապես մեծ նշանակություն ունի, քանի որ Պոտսդամում է գտնվում գերմանացի հայտնի մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բրանդենբուրգ երկրամասի միջև գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես ընդգծելով Պոտսդամի և Բյուրականի աստղադիտարանների միջև փոխգործակցության մեծ ներուժը: