Մահացել է ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանը, ինչի կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահ,Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան ԵԿՄ վարչությունը հանդես է եկել ցավակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ գաղափարաքարոզչական բաժնի պետ, Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստ, գրող, հրապարակախոս, հայ ազգի արժանի զավակ Հակոբ Հակոբյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հակոբյանը կյանքն ապրեց երկրապահավարի, անմնացորդ նվիրումով: Մինչեւ ապրած վերջին օրն էլ Հակոբյանը ազնվորեն ծառայեց հայրենիքին, ժողովրդին: Նրա ուսերին չափազանց բարդ աշխատանք էր ծանրացած Երկրապահում՝ գաղափարաքարոզչական աշխատանքից մինչեւ արխիվային, մինչեւ ԵԿՄ վարչությունում եւ ստորաբաժանումներում գրադարանների հիմնում: Սակայն, նա այս ամենն անում էր առանց տրտնջալու, անում էր հաճույքով՝ ազգ-հայրենիքին պիտանի լինելու գիտակցումով:
Հակոբյանն Արցախյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից եղել է այդ գործի նվիրյալն ու մինչ ապրած վերջին օրն էլ պայքարում էր հանուն հայության արդար դատի հաղթանակի: Նա դեռ լրջագույն ծրագրեր ուներ, ձեռնարկներ, որոնք ավարտին հասցնելն իր ընկերների, գործընկերների, երկրապահների պատվի գործը պետք է լինի:
Ննջի՛ր խաղաղությամբ, հարգելի՛ Հակոբ: Եվ հավերժ փա՛ռք քեզ:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ստեղծվել է Հակոբ Հակոբյանի հուղարկավորության երկրապահական հանձնաժողով: հանձնաժողովի նախագահն անձամբ զորավարն է, հանձնաժողովի կազմում են ԵԿՄ վարչության փոխնախագահները, ԵԿՄ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների նախագահները»:
Կենսագրական տվյալներ
Հակոբ Ղազարի Հակոբյանը ծնվել է 15.02.1956թ. Սիրիայի Ռաս Էյլ Էյն շրջանում: 1964թվականին ծնողների հետ հայրենադարձվել է հայրենիք:
1972թ. ավարտել է Արմավիրի շրջանի Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի 8-ամյան եւ ընդունվել Երեւանի ֆինանսա-տնտեսական տեխնիկում:
1976-1978թթ. Սովորել եւ ավարտել է Գրողների միության գրական համալսարանը:
1980-1983թթ. Ընդունվել եւ ավարտել է ՀԿԿ Կենտկոմի «Մարքսիզ-Լենինիզմ» համալսարանի ընդհանուր պատմության բաժինը:
1987թ. Ղարաբաղյան շարժման անդամ է եղել:
1988թ. զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի եւ ջոկատների կազմակերպման գործընթացով: Հակոբ Հակոբյանն աջակցել է ջոկատներին զենքով ապահովելու խնդիրներին:
1989թ. Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Մելիքաշեն, Բլութան, Խրմնջուղ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1989 դեկտեմբերի 31-ից մինչեւ 1990թ. ապրիլի 20-ը մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Հողեր, Տյումի, Մեծ թաղեր եւ Տող գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1990թ. ապրիլի 21-ից մինչեւ ապրիլի 26-ը մասնակցել է ԼՂՀ Հադրութի տարածքի Մայրամաձոր, Դրախտիկ, Ազոխ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին:
1991թ. հունվարի 10-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը մասնակցել է «Կալցո» օպերացիայի դեմ Մարտակերտի շրջանի Հաթերք, Թալիշ, Մեծ Շեն, Վաղուհաս գյուղերում մղվող մարտերին:
1992թ. փետրվարին ակտիվորեն մասնակցել է Ազգային բանակի կազմավորման գործընթացին եւ Շուշիի ազատագրման օպերացիայի մշակմանը:
1992թ. հունիսի 1-ից ՀՀ վարչապետի հանձնարարականով անցել է վարչատնտեսական աշխատանքի:
1990թ. եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր բարեփոխումների եւ սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ:
1991-1995թթ. Սպասարկել է Արմավիրի, Էջմիածնի եւ Մասիսի շրջանների հողային բարեփոխումների ոլորտը:
1996թ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
2000թ. առ այսօր աշխատում էր ՀՀ ԵԿՄ վարչությունում որպես գաղափարախոսության եւ քարոզչության բաժնի պետ: