«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են հանգել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում. այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում: Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվեց և ավարտվեց Վալերի Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը:

Պերմյակովն այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Իսկ սպանության դրվագով դատավարությունը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այն ևս կարճ կտևի:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ և ՌԴ իշխանությունները ցանկանում են դատավարությունը, որքան հնարավոր է, շուտ ավարտել. գոնե մինչև Սուրբ Խաչի տոնը` սեպտեմբերի 13-ը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: