Մոտենում է սեպտեմբեր ամիսը, և արդիական են դառնում կրթական ոլորտի վերաբերյալ խոսակցությունները: Շատ ծնողներ իրենց՝ միջնակարգ դպրոցն ավարտած երեխաների ուսումը շարունակելու համար լավագույն տարբերակն են փնտրում և խորհրդի կարիք ունեն:
Yerevannews.am-ը կրթական համակարգում տիրող իրավիճակի մասին զրուցեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ:
Ըստ տիկին Բախշյանի՝ ընդհանուր առմամբ դպրոցների տարանջատումը և ավագ դպրոցների առկայությունը դեռևս չեն արդարացրել իրենց առջև դրված պահանջները: Մեծամասամբ լուծված չեն այն խնդիրները, որոնք առաջ էին քաշվել կրթական այդ համակարգը կիրառելուց առաջ: Տիկին Բախշյանը խոսակցության առանձնացրեց այն 5 պահանջները, որոնք անհրաժեշտ էին ավագ դպրոցների համար։
«Ավագ դպրոցները պիտի ընտրվեին հետևյալ չափորոշիչներով.
. Դպրոցներ, որոնք կրթությունը նորովի էին կազմակերպում, նոր շունչ ուներ դպրոցը, մոտեցումը նորովի էր
. Համեմատաբար կահավորված լիներ, լաբորատորիաներ, գրադարաններ ունենար
. Պարտադիր աշխարհագրական դիրքը մարզի համար հարմարավետ լիներ, որ ավագ դպրոցը հասանելի լիներ համայնքի տարբեր ծայրերից
. Մանկավարժական կազմը մրցույթով պետք է ընտրվեր
. Ավագ դպրոցը պետք է ծառայեր նախամասնագիտական կրթություն ապահովելուն»։
Ըստ Անահիտ Բախշյանի անտեսվեց այս ռազմավարությունը և ավագ դպրոցների կարգավիճակ տրվեցին այնպիսի դպրոցների, որոնք չեն համապատասխանում այս սկզբունքներին. Հնարավորինս քանդված են, փլված են, լաբորատորիաներ չունեն, ջեռուցում չունեն, կարգին կահավորում չկա։
«Սակայն կան ավագ դպրոցներ, որոնք ապահովում են ճիշտ և բարձրակարգ ուսուցում և որոնց աշակերտները միջազգային տարբեր օլիմպիադաների են մասնակցում և մեդալներ ստանում:
Լավ կրթություն տվող դպրոցների պահանջարկ միշտ էլ կա՝ լինի դա պետական, թե՝ մասնավոր»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նորաբաց ավագ դպրոցներին՝ որպես օրինակ բոլորովին վերջերս բացված «Global Bridge» ուսումնական կենտրոնին, Անահիտ Բախշյանն ասաց, որ եթե նորաբաց դպրոցն իրեն արդարացնում է, ապա դա դրական տեղաշարժ է այս ոլորտի համար, դպրոցը պետք է ապացուցի, որ համապատասխանում է բարձրորակ կրթություն տվող ավագ դպրոցների մակարդակին (վերը նշված չափորոշիչներին): Եթե ապացուցեց, ապա պահանջարկ կունենա, քանի որ ծնողները փնտրում են լավ դպրոցներ իրենց երեխաների համար:
Անահիտ Բախշյանը զրույցի վերջում ավելացրեց, որ դպրոցում, բացի գիտելիքից, շատ կարևոր է այն մթնոլորտը, որտեղ ձևավորվում է մարդու արժեքային համակարգը: