Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում և 2015 թ. պետբյուջեում: Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015 թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը:

Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարությունը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը՝ ավելի վաղ տրամադրած 500 մլն ՀՀ դրամին ավելացնելով ևս 500 մլն ՀՀ դրամ: