Դեռևս դեկտեմբերին հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարեց նոր բաժնետեր ունենալու մասին՝ ի դեմս «East Prospect Fund»-ի: Հիմնադրամը հայտարարեց, որ սկզբնական փուլում պատրաստվում է ներդնել 30 մլն դոլար, իսկ հետագայում ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ հասցնելով մինչև 50 մլն դոլարի:
YerevanNews.am-ը հանդիպում ունեցավ «East Prospect Fund» հիմնադրամի ներկայացուցիչ Եկատերինա Պավլյուկի հետ և փորձեց պարզել մանրամասներ գործընթացի մասին:
- Այսօրվա դրությամբ մենք ներդրումների տեսքով արդեն ձևակերպել ենք 68 մլն դոլար արժողությամբ արժեթղթեր: Առաջին փուլը մենք արդեն ավարտել ենք: Այս ներդրումը հանդիսանում է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը: Մնացել է միայն գործարքը գրանցել պետական ռեեստրում, ինչը կարծում եմ «Էյր Արմենիա»-ին կհաջողվի և պետական մարմինները աջակցություն կցուցաբերեն այս հարցում:
Արժեթղթերի տեսքով այս նեդրումը արդեն հնարավորություն կտա «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին՝ ներգրավել, այսպես կոչված, «կենդանի փողեր», գնել օդանավեր, թռիչքներ իրականացնել պարզ երկնքում և մրցակցել այլ ընկերությունների հետ: «Կենդանի փողերի» հասկացությունը նույն կանխիկ միջոցներն են, որոնցով կարելի է ձեռք բերել ամեն ինչ:
Ավելի մանրամասնելով նշեմ, որ առաջին փուլում ծրագրավորել էինք ներդնել 30 մլն դոլար, իսկ այսօր մենք արդեն ներդրել ենք 68 մլն դոլար՝ արժեթղթերի տեսքով, որը հետագայում հնարավորություն կտա ներգրավել 30-40 մլն դոլար կանխիկ: Քանի որ, ինչպես հայտնի է, կանխիկ միջոցներ հնարավոր է լինում ներգրավել երաշխիքային գործիքի 60-70 տոկոսի չափով միայն:
Ես ուզում եմ ընդգծել, որ այսօրվա դրությամբ ընկերության պարտավորությունները կազմում են 16 մլն դոլար, իսկ մենք 68 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրում ենք կատարել արժեթղթերի տեսքով, ինչը նշանակում է, որ ոչ մի կերպ, ոչ մի օրենքով հնարավոր չէ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ճանաչել սնանկ: Նրան սնանկացնել արդեն անհնար է: Այս խնդիրը արդեն լուծված է:
Տիկի՛ն Պավլյուկ, դեկտեմբերին դուք խոստացաք թռիչքները վերսկսել մայիս ամսից, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: Որո՞նք են գործընթացի այսքան դանդաղ ընթանալու պատճառները:
- Ինչո՞ւ է մեզ մոտ ամենինչ այսքան դանդաղ ընթանում... քանի որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում բացել արգելափակված հաշիվները, որպեսզի կարողանանք դրանցից օգտվել՝ վճարել միջազգային աուդիտի ծառայության դիմաց, միջազգային բիզնես պլանի հետ կապված ծախսերը հոգալ, վճարել փաստաթղթերի դիմաց, որոնք պատրաստվում են այլ միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից այստեղ կանխիկ ներգրավելու նպատակով: Մենք չենք կարող վճարել այս ամենի դիմաց, քանի դեռ հաշիվները արգելափակված են:
Այսօր մեր առջև կան դրված որոշակի առաջադրանքներ. մենք պետք է անցկացնենք միջազգային աուդիտ, ինչ-որ կերպ արգելափակումից հանենք ընկերության հաշիվները:
Խոսքը «Էյր Արմենիա» ընեկերության գլխավոր հաշվի մասի՞ն է, որի վրա կալանք դրվեց դեռևս նոյեմբեր ամսին:
- Արգելափակվել է բաժնետոմսերի հաշիվը, իսկ բաժնետոմսերը, արժեթղթերը հանդիսանում են ամենակարևոր երաշխիքային գործիքը: Ինչպե՞ս կարելի է փոխառություն կամ ներդրումային միջոցներ ստանալ, եթե արգելափակված է գլխավոր հաշիվը: Ահա՛, թե որտեղ է մեր գլխավոր խնդիրը:
Ես կարծում եմ, որ Հայաստանում գործող օրենքները և պետությունը պետք է ինչ-որ կերպ աջակցեն ազգային ընկերություններին: Ցավոք սրտի, ԱՊՀ երկրներում հենց ազգային արտադրողներին պետությունները ոչնչով չեն աջակցում: Սա, կարծում եմ, կառավարությունների առաջին և մեծ սխալն է:
Այժմ, 68 մլն դոլար արժեթղթերի տեսքով ներդրումը հանդիսանում է ավիաընկերության սեփականությունը, ինչը ընկերությունը կարող է օգտագործել որպես երաշխիքային գործիք: Մնացել է միայն լուծել հաշիվների հետ կապված խնդիրը, որպեսզի ընկերությունը կարողանա կատարել իր պարտավորությունները, որոնք առաջացել են «ֆորս-մաժորային» իրադրության արդյունքում. բաց երկնքի քաղաքականության ներդրման արդյունքում:
Կցանկանամ անպայման ընդգծել, որ բաց երկնքի քաղաքականության ներդրումը «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի համար ստեղծել է «ֆորս-մաժորային» իրադրություն:
Իսկ այս խնդիրների լուծման համար որքա՞ն ժամանակ հնարավոր է պահանջվի:
- Մենք դեռ չեն կարող նշել հստակ ժամանակահատված: Սկզբում մենք նախատեսել էինք գործընթացն ավարտել 3 ամսվա ընթացքում, բայց, քանի որ Հայաստանի օրենսդրությունը այնքան էլ չի աջակցում հայկական ավիափոխադրողի զարգացմանը, հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, հարցին պատասխանելը չափազանց դժվար է:
Այժմ ամենագլխավոր քայլը, որ արդեն իրագործել ենք, այն է, որ ընկերությունը չի համարվի սնանկ: Սա արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Հետագայում, երբ վերջիվերջո հնարավոր կլինի բացել հաշիվները, մենք ավարտին կհասցնենք նաև որոշ զուտ կազմակերպչական գործընթացներ, ապա հնարավոր կլինի ներգրավել նաև ներդրումներ, կանխիկ միջոցներ և արդյունքում բավականին կհեշտանա ընկերության հետագա զարգացման գործընթացը:
Եթե ամեն բան ընթանա ըստ ծրագրավորվածի, ապա թռիչքները հնարավոր կլինի վերականգնել արդեն մի քանի ամիս անց:
Որպես հավելում նշեմ, որ 30 մլն դոլարը ֆոնդի ներդրումային ծրագրի առաջին փուլն է միայն. հաջորդ քայլի մասին մենք դեռ չենք բարձրաձայնում, քանի որ այս փուլը շատ ծանր է ընթանում: