Հայտնի է «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մերի Մարգարյանի բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոենգալիա ախտորոշումը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, որոնք տրամադրվել են դատաբժշկական փորձագետներին, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները:
Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժող Մերի Մարգարյանի հարազատները, ընկերուհին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժը, մանկաբարձ-գինեկոլոգը:
Զննության են ենթարկվել տուժող Մերի Մարգարյանի և վերջինիս ընկերուհու կողմից օգտագործված բջջային հեռախոսները:
Նշենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը:
Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը: