Երասխում այսօր՝ օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Վահրամ Արզումանյանը Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց երգչի պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը:

Նա հայտնեց, որ Վլադիմիրի հայրը պապիկի հետ վթարի են ենթարկվել Երեւան գալու ճանապարհին:

«Վլադիմիրի հայրը երաժիշտ էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում: 42 տարեկան էր, երկու երեխա ուներ՝ Վովան եւ աղջիկը»,- ասաց Գայանե Մաշուրյանը:

Նշենք, որ մահացածի հայրը գտնվում է հիվանդանոցում: Վիճակը բավարար է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով: