Հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունն այժմ ապահովագրված է սնանկության ռիսկից: Ըստ YerevanNews.am-ի տեղեկությունների՝ «East Prospect Faund» հիմնադրամի կողմից արժեթղթերի տեսքով ընկերություն է մուտք արվել 68 մլն դոլար: Սա նշանակում է, որ հայկական միակ ավիափոխադրողը լուծել է իր առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը. ընկերությանն այժմ անհնար է ճանաչել սնանկ:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև «East Prospect Fund» հիմնադրամի ներկայացուցիչ Եկատերինա Պավլյուկը՝ ասելով. «այս ներդրումը համարվում է ընկերության սեփականությունը և կարող է օգտագործվել որպես երաշխիք: Սրա միջոցով «Էյր Արմենիա» ընկերությունը կարող է ներգրավել մոտ 30-40 մլն դոլար «կենդանի փող»»:

Նշենք, որ դեկտեմբեր ամսին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն (Air Armenia) ունի նոր բաժնետեր: Նախատեսվում էր թռիչքները վերսկսել մայիս ամսից, ինչը այդպես էլ տեղի չունեցավ:

Ըստ մեր տեղեկությունների, սրա հիմնական պատճառ է հանդիսացել ընկերության գլխավոր հաշվի վրա առկա կալանքը: Հաշիվն արգելափակվել էր որոշակի խնդիրների պաճառով, իսկ այժմ նույն պատճառով կրկնակի բարդացել է հայկական միակ ավիափոխադրողի խնդիրը:

«Էյր Արմենիա»-ի (Air Armenia) նման իրավիճակում է հայտնվելվերջին տարիներին ՀՀ-ում ներդրված «բաց երկնքի քաղաքականության» արդյունքում: Ընկերությունը նախորդ տարվա աշնանը դիմագրավեց մրցակից ընկերությունների կողմից իրականացվող դեմփինգային քաղաքականությանը, սակայն «Ռոսաէրոնավիգացիայի հայտարարությունից» հետո իրավիճակը էլ ավելի բարդացավ: Կիսով չափ կրճատվեց վաճառքի ծավալը, ինչը հանգեցրեց բացասական հետևանքների:

Այս ամենի հետ մեկտեղ, չստանալով պետական աջակցություն, ընկերությունը սկսեց համագործակցել վերը նշված հիմնադրամի հետ, որն արդեն իսկ կատարել է 68 մլն դոլար արժողությամբ ներդրում: Յուրաքանչյուր դեպքում, սակայն, ավիաընկերությունը հույս ունի, որ պետությունը որոշակի աջակցություն կցուցաբերի և կօգնի ընկերության գլխավոր հաշիվը կալանքից հանելու գործում: